ՀԱՅՈՑ ՌԱԶՄԻԿՆԵՐԻ ՉԽԱՄՐՈՂ ՓԱՌՔԸ
Հայ ժողովուրդը աշխարհի հնագույն ժողովուրդներից է, որի մասին հիշատակությունները հանդիպում են արդեն շումերական և աքքադական սեպագրերում: Հայերը մարդկության գիտակցական պատմության սկզբից ևեթ ապրել են Հայկական լեռնաշխարհում: Արդեն մարդկության պատմության արշալույսին շումերական տիրակալները փորձեցին հպատակեցնել Հայկական լեռնաշխարհը և իրենց տիրապետության տակ առնել հայոց առաջին պետական միավորը՝ Արա(ր)տայի քրմապետությունը:
…«Քաղաքից տեղում էին նետեր, ինչպես անձրևն ամպերից, պարսատիկների քարերն անձրևի կաթիլների պես քաղաքի (նկատի ունի Արա(ր)տայի մայրաքաղաք Մեծամորը – Մ.Հ.) պարիսպներից թափվում էին ամբողջ տարին՝ աղմկոտ սուլոցով: Օրերն անցնում էին, ամիսները՝ երկարում, տարին բոլորեց մի ամբողջ շրջան»,- տխրությամբ և իրենց կրած անխուսափելի անհաջողության գիտակցմամբ հայտնում էին շումերական տրտմած արձանագրությունները: Ի վերջո արշավանքը նախաձեռնած Ուրուկի կառավարիչ Էնմերքարը ստիպված եղավ նահանջի հրաման տալ…
Հայերը հետագայում ևս բազմիցս հաջողությամբ ետ են մղել տարածաշրջանային գերիշխանության հասած այնպիսի պետությունների ոտնձգությունները, ինչպիսիք էին Աքքադը, Բաբելոնը, Ասորեստանը, Խեթթին, Եգիպտոսը, Մարաստանը, Աքեմենյան Պարսկաստանը, Սելևկյան թագավորությունը, Պոնտական թագավորությունը, Պարթևական թագավորությունը, Հռոմը, Սասանյան Պարսկաստանը և այլն:
Հնագույն ժամանակներում ողջ աշխարհում թնդում էր հայոց մարտակառքերի փառքը: Ի՛նչ արժեն միայն հիշատակությունները դեպի արևելք տեղի ունեցած արիական արշավանքների կամ հզոր Եգիպտոսի ջախջախման մասին, մի ջախջախում, որն իրականացրին հայերը՝ եգիպտական աղբյուրներում հիշատակվող «Հայք»-երը:
Հին և Միջին դարերում մեծ հարգանք էր վայելում Հայոց այրուձին, որն իր կազմում ուներ ծանր և թեթև զինված հեծյալներ: Հայոց ծանր հեծյալների մեջ հանդիպում է ծանր հանդերձանքի և ճկունության այն հիանալի համակցությունը, որը հնարավորություն էր տալիս մի կողմից կիրառել ծանր հեծյալի առավելությունները, մյուս կողմից էլ՝ հնարավորինս զերծ մնալ վերջինիս բնորոշ թերություններից: Մասնավորապես՝ Հայոց ծանր հեծյալները ոչ այնպես անհեթեթորեն ծանր էին հանդերձավորված, ինչպես, ասենք, պարթևները, սակայն դրա փոխարեն նրանք ավելի ճկուն էին, որն էլ հնարավորություն էր տալիս հաջողությամբ կիրառել ք.ա. I դարում նրանց սպառազինության մեջ հայտնված նետն ու աղեղը: Նույնիսկ թշնամաբար տրամադրված հռոմեական հեղինակներն էին խոստովանում հայոց այս զորատեսակի արտասովոր ռազմական հատկությունները և իրենց զորավարների անհաջողությունները հաճախ բացատրում դրանով:
Նույն ժամանակներում արժանի համբավ էր վայելում նաև Հայոց հետևազորը: Հայոց հետևակը հատկապես լավ էր կռվում լեռնային մարտերում, ինչպես նաև ամրոցների գրոհի կամ դրանց պաշտպանության ժամանակ: Ծանր հետևակը ի վիճակի էր ետ մղելու ծանր հեծելազորի հարվածը, մի բան, որը երբեմն չէր հաջողվում նույնիսկ հունական և հռոմեական հետևակին: Սակայն Հայոց ծանրազեն հետևակին չէր զիջում, իսկ իր ռազմական փառքով հաճախ գերազանցում էր թեթև հետևակը, որն իր սպառազինության մեջ ուներ հայոց փառաբանված լայնալիճ աղեղը:
Թշնամիները հաճախ էին իրենց անհաջողությունները բացատրում նաև հայոց այս զինատեսակի բացառիկ մարտական հատկություններով: Այսպես՝ Քսենոֆոնի գլխավորած հայտնի Բյուրաց նահանջի ժամանակ այդ արհեստավարժ ռազմիկը, որին ռազմական գործում դժվար էր որևէ բանով զարմացնել, անթաքույց զարմանքով իր օրագրում գրում էր. «Թշնամին ուժեղ ճնշում էր գործադրում, և քանի որ մեր ուղին անցնում էր կիրճերով, ապա նա, ընդհուպ մոտենալով, նետահարում էր մեզ աղեղներից…: Հենց այդ ժամանակ էլ ընկավ քաջարի լակոնիացի Լեոնիմը, կողից խոցված նետով, որը միջաթափանց անցել էր վահանի և կաշվե զրահի միջով, ինչպես նաև Բասի-արքադացին, որի գլուխը միջաթափանց ծակվել էր նետով»։ Ավելի ուշ զարմացախառն հիացմունքով նույն հեղինակը ավելացնում է. «Նրանց նետերը ծակում էին վահանները և զրահները, իսկ երբ հելլենները ձեռք էին բերում դրանցից, ապա, ավելացնելով դրանց գոտիներ, օգտագործում էին տեգերի փոխարեն…»:
Ծայրահեղ թշնամաբար տրամադրված հռոմեական հեղինակներից Ապպիանոսը նույնիսկ ստիպված խոստովանում է հայկական բանակի բարձր մարտական հատկանիշները, իսկ Զոսիման, պատմելով 351 թ. Մուրսայի ճակատամարտին մասնակցած Հայոց օժանդակ բանակի հրամանատարներից մեկի՝ Մանվելի մասին, հայտնում է, որ վերջինս անչափ հմուտ նետաձիգ էր և մեկ ձգումով կարողանում էր թշնամու շարքերն ուղարկել մինչև երեք նետ՝ դրանով իսկ մեծ կորուստ պատճառելով վերջինիս: